MENU
Главная » Файлы » новости նորություններ

Մինչեւ այսօր առավոտյան համոզված էի, որ ոչ մի օրով չեմ հետաձգելու ընտրությունները. Պարույր Հայրիկյան (ֆոտո) Կարդացեք ամբողջը: -->: Մինչեւ այ
06.02.2013, 10:19

 
Փետրվար 04, 2013 | 15:11 

Հունվարի 31-ին Տպագրիչների 9 հասցեում մահափորձի ենթարկված եւ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բ/կ-ում վիրահատության ենթարկված ԱԻՄ ղեկավար, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը մինչեւ այսօր առավոտյան համոզված էր, որ ոչ մի օրով չի հետաձգելու փետրվարի 18-ին կայանալիք նախագահական ընտրությունները: Այս մասին քիչ առաջ հիվանդանոցում լրագրողների հետ զրույցում ասաց Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց, որ որոշ թեկնածուներ կարծում են, որ ամեն ոք իրավունք ունի դիմել Սահմանադրական դատարան, համարում են, որ դա  ոչ միայն այն թեկնածուի հարցն է, որը կորցրել է  հավասար մրցակցային պայմանների հնարավորությունը, եւ դա տրամաբանական է համարում՝ իրավունքի տեսանկյունից ելնելով: « Դա մի փոքր խնդիր առաջացրեց, ես ուզում էի խորհրդակցել թեկնածուների հետ, բացի այդ մի քանիսի հետ խորհրդակցել եմ, լսեցի նաեւ կարծիքներ, մասնավորապես այն բանի մասին, որքանով  կարելի է  ժողովրդավարական համարել գործընթացը, որին մաս է կազմում նաեւ ահաբեկչությունը, այդ տեսակետից պետք էր մտածել: Այսօր հատուկ հետազոտություն ենք անցկացրել՝ պարզելու, թե իրավունք ունենք մտածել, որ  սա էապես չի ազդել գործընթացների վրա»,- ասաց նա՝ տեղեկացնելով, որ  վաղը ժամը 12-ին ասուլիսի ժամանակ իր փաստաբանը եւ ներկայացուցիչները կհայտնեն իր դիրքորշումը:
Ինչ վերաբերում է մյոսւ թեկնածուներին,  Հայրիկյանը տեղեկացրեց, որ նրանցից մեկն ասել է, թե պայմանավորվենք, որ վաղը ժամը 12-ից  հետո ազատ ենք: «Ես որեւէ մեկին սխալ չեմ համարում, ամեն մարդ կարող է  նկատել բաներ, որ մեկ ուրիշը չի  նկատել: Ինքս  տրամադրված էի ոչ մի օր չհետաձգել»,- ասաց նա:
Նախագահին թեկնածուն շեշտեց, որ իր վարկանիշը շատ կայուն բարձրանում էր, ոչ թե ֆանտաստիկ չափերով, բայց հետեւում էին եւ վստահ էին, որ իրենց գործերը վատ չէին: «Որոշ քաղաքական ուժեր տեսել են, որ որոշ հաշվարկներում սխալ են: Չեմ հստակեցնի, քաղաքական ուժեր են, թե քաղաքականությունն օգտագործող հետին նպատակներ հետապնդող հակահայկական ուժեր: Ստվերում գործող, մեր ժողովրդի նկատմամբ  բացասական տրամադրվածություն ունեցող որեւէ ուժի ջրաղացին ես ջուր լցնել չեմ ոզում եւ իմ նախնական տրամադրվածությունն էր ոչ մի հետաձգում, նույնիսկ եթե ես տեսնում եմ, որ ինչ-որ բան կորցնում եմ: Եւ դա կապված էր  ժողովրդավարության հետ»,- ասաց նա:
ՍԴ դիմել-չդիմելու հետ կապված նրա որոշման վրա կարող է ազդել այսօրվա  հետազոտությունը եւ նաեւ մտքերի փոխանակումը  մյուս թեկնածուների հետ: «Մինչեւ այսօր առավոտյան հստակ տրամադրված էի չհետաձգել, բայց հարկավոր է  լսել նաեւ մասնագետներին՝ ահաբեկչության եւ ժողովրդավարության համատեղելիության համատեքստում»,- ասաց ԱԻՄ առաջնորդը:
Նա միանշանակ բացառեց նոր ընտրությունների պահանջը,  որովհետեւ նոր ընտրությունների գաղափարը «դավադրություն է  հայ ժողովրդի նկատմամբ»:  «Ահաբեկչության ճանապարհով հայ ժողովրդին ստիպել փոխել իր ճանապարհը, ես դրան ընդառաջ գնալու իրավունք չունեմ»,- ասաց նա՝ պատասխանելով մեր հարցին, թե Անդրիաս Ղուկասյանը կոչ էր անում դիմել ՍԴ՝ նոր ընտրություններ անցկացնելու պահանջով:
Պարույր Հայրիկյանից հետաքրրքվեցինք նաեւ, թե ի՞նչ է զրուցել երեկ Գարեգին Բ-ի հետ, ինչին ի պատասխան նա հայտնեց, որ ստացել է  նրա օրհնությունը եւ դրա համար երախտապարտ է:
Հարցին, թե իշխանությունները չե՞ն համոզում չհետաձգել ընտրությունները, նա պատասխանեց, որ «դուք էլ կարող եք ինձ ինչ-որ բաներ համոզել, դա ձեր իրավունքն է,  իսկ որոշում ընդունելն իմ իրավունքն է»:
«Ինքնորոշում նշանակում  է ամեն մեկն ինքն է որոշում, այն, ինչի համար պայքարել ենք եւ պայքարում ենք: Ի դեպ, եթե կան մարդիկ, ովքեր կցանկանան իմանալ, թե ինչու հենց Հյարիկյանին, թող մի հատ էլ նայեն «Նորօրյա պատմության մոռացվող էջեր» ֆիլմը, նայեք եւ կհասկանաք»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Տպագրիչների 9 հասցում հունվարի 31-ին, ժամը 23.30-ին նախագահի թեկնածու, ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ էր կատարվել` իր տան դիմաց: Պարույր Հայրիկյանին տեղափոխել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ նրան հաջողությամբ վիրահատել են: Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 34-305 հոդվածի հատկանիշներով: Այդ հոդվածներով սահմանվում է պետական, քաղաքական կամ հասարակական գործչի սպանության հանցափորձը, որը կատարվել է նրա՝ նշված գործունեությունը դադարեցնելու նպատակով: Այն պատժվում է ազատազրկմամբ` 12-20 տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:
Նախաքննությունը վարում է Ազգային անվտանգության ծառայությունը, ստեղծվել է ոստիկանության եւ ազգային անվտանգության ծառայության համատեղ օպերատիվ քննչական խումբ:








Категория: новости նորություններ | Добавил: hzor
Просмотров: 566 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]