MENU
Главная » Файлы » интересное пунктов Հետաքրքիր նյութեր

«Արդեն գտել եմ իմ կեսին». Արման Նշանյան
20.06.2016, 16:20

Երգիչ և դերասան Արման Նշանյանից վաղուց լուրեր չկային: Թերևս նրանից է, որ հեռավոր ամերիկյան ափերում էր, այն էլ լարված աշխատանքային անցուդարձի մեջ: Օրերս էլ եկել է Երևան` բազում նորություններով` այդ թվում նաև անձնական բնույթի...

 

 

- Արման, շուրջ կես տարի ինչո՞վ էիք զբաղված ԱՄՆ-ում. ժամանակին ասել էիք, որ զուտ աշխատանքը կարող է Ձեզ Հայաստանից հեռու տանել:
- Այնպես չի, որ Հայաստանում էլ աշխատանք չունեմ: Այստեղ 24-սերիանոց մի ֆիլմ էի սկսել, որի նկարահանումների 25 տոկոսը պետք է Նահանգներում շարունակվեր: Արեցինք: Բացի այդ մեկ այլ նախագիծ գլուխ բերեցինք` Լոս Անջելեսում բեմադրեցինք «Անուշ» օպերան` մանուկների աչքերով, որին մասնակցում են Երևանի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցի սաները: Նպատակ ունեինք երեխաներին այդ օպերան մատուցել իրենց հասանելի ձևով ու պետք է ասեմ` հասանք մեր նպատակին:

 


- Հայաստանում իմացանք նաև Հայոց եղեռնին նվիրված մի ֆիլմի ամերիկյան պրեմիերայի մասին, որտեղ Դուք գլխավոր դերակատարն եք: Ինչպե՞ս հաջողեցիք այդ համագործակցությունը:
- Ի սկզբանե «Հայաստան, իմ սեր» ֆիլմում նկարահանվում էր մայրս` դերասանուհի Շաքե Թուխմանյանը: Նա մարմնավորում է գլխավոր հերոսի տատին: Տեղեկանալով, որ ֆիլմի ռումինացի սցենարիստ և ռեժիսոր Դիանա Անգելսոնը ոչ մի կերպ չի գտնում նկարչի դերակատարին, նա առաջարկել էր իմ թեկնածությունը: Փորձեցի` ստացվեց: Հաճելի էր նման հմուտ ու բանիմաց թիմի հետ աշխատելը: Ի դեպ, ռումինացիներն էլ հայերիս պես տաքարյուն են, զգացմունքային ու կենսախինդ:

- Լսել եմ` ֆիլմը լավ արձագանք է ստացել ամերիկյան հանդիսատեսի ու լրագրողների շրջանում:
- Այո՛, արձագանքն ակնհայտ դրական էր: Շատերն ինձ մոտենում էին հենց որպես այդ ֆիլմի հերոսի: Ֆիլմի թեման որքան հայկական, նույնքան էլ համամարդկային է: Սցենարի հիմքում նկարիչ Տիգրան Օրբելյանի կյանքն է, ով ականատես է լինում թուրքերի կողմից ծնողների սպանություններին: Դրանից հետո նա փախչում է ԱՄՆ, որտեղ մեծ նկարիչ է դառնում: Բայց ողջ կյանքն ապրում է` մտքում պահելով այդ սարսափելի դեպքերը: Այս դերն ինձ համար շատ ծանր էր. նախ` որպես հայի, երկրորդ` որպես դերասանի, քանի որ մարմնավորել եմ նկարչի ողջ կյանքը` 20 տարեկանից մինչև խոր ծերություն:

 


- Ի դեպ, շարունակելով կինոյում հայկական թեման` ասում են` Գրիգոր Լուսավորչի կերպարում էլ ենք Ձեզ տեսնելու:
- Այո՛: Այս ամենից հետո ռեժիսոր Ռոբերտ Կուպերյանից ևս մի առաջարկ ստացա: Նա նկարահանում էր Վարդան Մամիկոնյանի, Տրդատ թագավորի և Գրիգոր Լուսավորչի պատմությունը, ես էլ հանդես եկա վերջինիս կերպարում: Սկզբում ռեժիսորն ինձ Տրդատի դերում էր պատկերացնում, բայց հետո մտափոխվեց:

- Բավական աշխատանք եք կատարել...
- ...Եվ սա դեռ ամբողջը չէ: Ամերիկացիներից մի կինոառաջարկ էլ կա, որը, կարելի է ասել` մասամբ հայկական դարձավ: Երբ մտերմացա ստեղծագործական կազմի հետ, առաջարկեցի, որ ֆիլմի գլխավոր հերոսը հայ լինի, նկարահանումներն էլ շարունակենք Հայաստանում: Համաձայնեցին: Ֆիլմը վերնագրված է «Վրիժառուի օրագիրը»: Այս անգամ իմ այցն Ամերիկա այսքանով ամփոփվեց:

 


- Ստացվում է` կինոն կլանե՞ց երգիչ Արման Նշանյանին:
- Ո՛չ: Մեկը մյուսով լրացնում եմ: Փորձել եմ մեկտեղել դերասանի ու երգչի գործունեությունը: Նոր երգ-տեսահոլովակ ունեմ` կոչվում է «Սերը բավական է»: Բացի դրանից, շուտով նոր ձայնասկավառակ էլ կլինի, որտեղ ներկայացնելու եմ հին հայկական ռոմանսները` նոր գործիքավորմամբ: Նոր մոտեցում եմ տալու, բայց հնարավորինս հավատարիմ մնալով սկզբնական տարբերակին:

- Փաստորեն նորից անձնականին հատկացնելու ժամանակ չի եղել ու առաջվա պես Ձեր ասած` ամեն առավոտ արթնանում եք Նրան գտնելու հույսով:
- ...(Ժպտում է) Ես արդեն գտել եմ իմ կեսին:

 


- Չլինի՞ ԱՄՆ-ում:
- Ո՛չ, իհարկե` Հայաստանում: Վաղուց ենք իրար ծանոթ, բայց միառժամանակ հետո ենք հասկացել, որ իրար էինք փնտրում: Հոգով արվեստագետ է, բայց իմ ոլորտից չէ: Կարելի է ասել` նկարչուհի է: Կարծում եմ` պատրաստ է կողքիս լինել:

 


- Արդյոք Նա նմա՞ն է այն թխահեր ու սևաչյա գեղեցկուհուն, որին պատկերացնում էիք:
- Գեղեցկուհի է, բայց այնքան էլ թխահեր ու սևաչյա չէ: Երբ գտնում ես Նրան, ում փնտրում էիր, հավատացեք` նույնիսկ չես էլ հիշում, թե մինչ այդ ինչպիսին էիր պատկերացնում, քանի որ ֆիզիկական տվյալներն այլևս անկարևոր են դառնում: Կարևորն այն է, որ վերջապես գտվել է Նա...

Նյութի աղբյուրը` http://youth.tert.am/am/news/2016/06/20/arman-nshanyan-tvmall/10597

Категория: интересное пунктов Հետաքրքիր նյութեր | Добавил: hzor
Просмотров: 497 | Загрузок: 0 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Добавлять комментарии могут только зарегистрированные пользователи.
[ Регистрация | Вход ]